Նորություններ
Սամբոյի 2015թ. աշխարհի առաջնություն
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվելու սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունը, որը հոբելյանական 40-րդն է և առաջինը, որ տեղի է ունենալու աֆրիկյան մայրցամաքում: Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի' միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:
27 հավաքածու մեդալների համար, բնական է կպայքարեն նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները:
Սամբոյի աշխարհի առաջնություններն անց են կացվում 1973 թվականից և բնական է մինչև Հայաստանի Հանրապետության անկախացումը մեր մարզիկները ընդգրկվում էին ԽՍՀՄ հավաքականում:
Հիշենք, որ հայ սամբիստներից առաջինը աշխարհի չեմպիոն հռչակվեց Գառնիկ Հովհաննիսյանը 1981 թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել: Նրան հաջորդեցին Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանը, Հովիկ Մանուկյանը, Արթուր Գրիրգորյանը, Երվանդ Գրիգորյանը, Քրիստինե Նաջարյանը, Արևիկ Կարապետյանը և էլի տասնյակ մարզիկներ:
Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլոք:
Մեր պատվիրակությունը' Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի նոյեմբերի 11-ին:
Մաղթում ենք հաջողություններ: