Նորություններ
Սամբոն Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերում
ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
12-28 հունիսի 2015 թ.
ք. Բաքու (Ադրբեջան)
2015 թ. Եվրոպական խաղերը պատմության մեջ Առաջին Եվրոպական օլիմպիական խաղերն են, որոնք կանցկացվեն Ադրբեջանի մայարաքաղաք Բաքվում: Հիշեցնենք, որ դրա անցկացման վերաբերյալ որոշումը կայացվել է 2012 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմում անցկացված Եվրոպական Օլիմպիական կոմիտեի 41-րդ Գլխավոր հանձնաժողովի նիստի ժամանակ: Գաղտնի քվեարկությամբ 48 մասնակից երկրներից 38-ը քվեարկել էին Բաքվի օգտին, 8-ը՝ դեմ, իսկ 2-ը՝ ձեռնպահ: ՀՀ ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:
I Եվրոպական խաղերն անց են կացվում Միջազգային օլիմպիական կազմակերպության կողմից, որն իր կազմի մեջ ներկայումս ներառում է Եվրոպայի 49 ազգային օլիմպիական կոմիտեներ:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015 թ. հունիսի 12-ին, իսկ փակմանը՝ հունիսի 28-ին:
Այդ խաղերին կմասնակցեն շուրջ 6.000 մարզիկ Եվրոպայի 49 երկրից:
Ըստ I Եվրոպական խաղերի պաշտոնական կայքի www.baku2015.com տեղեկությունների՝ մրցումները կանցկացվեն 20 մարզաձևերից և 31 մարզական դիսցիպլինաներից, ինչպիսիք են՝
Բադմինտոնը, Բասկետբոլը 3x3, Բռնցքամարտը, Ըմբշամարտը (ազատ ոճ, հունահռոմեական, կանանց), Հեծանվավազքը (տրեկային, խճուղային մրցավազք, մաունթինբայք, BMX), Ջրային մարզաձևերը (Ջրային պոլո, Լող, Ջրացատկ, Սինխրոն լող), Վոլեյբոլը, Լողափնյա վոլեյբոլը, Մարմնամարզությունը (Ակրոբատիկա, Աէրոբիկա, Սպորտային և գեղարվեստական մարզմնամարզություն), Ձյուդոն, Կարատեն, Թեթև աթլետիկան, Լողափնյա ֆուտբոլը, Սեղանի թենիսը, Հրաձգությունը, Նետաձգությունը, Տրիաթլոնը, Թաեկվոնդոն, Սուսերամարտը, Սամբոն*:
Պետք է նշել, որ 7 մարզաձևերում, ինչպիսիք են հեծանվավազքը, հրաձգությունը, լողը, սեղանի թենիսը, թաեկվոնդոն, տրիաթլոնը և լողափնյա վոլեյբոլը, կխաղարկվեն ուղեգրեր 2016 թ. Ռիո-դը-Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու համար:
Ըստ նախնական տվյալների՝ I Եվրոպական խաղերի ընթացքում նախատեսվում է խաղարկել ընդհանուր թվով 223 մեդալ:
* Հատկանշական է, որ օրերս I Եվրոպական խաղերի մարզաձևերն ավելացան ևս մեկով՝ հասնելով 20-ի: Ինչպես հայտնում է www.azerisport.com կայքը, Եվրոխաղերի ծրագրի մեջ է ներառվել ՍԱՄԲՈ մարզաձևը: Դա հայտնի էր դարձել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի Վասիլի Շեստակովի, Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովի և Եվրոխաղերի Կազմկոմիտեի ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո: Այդ բանակցություններին մեծ ներդրում են ունեցել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Եվրոպական սամբոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը և Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը:
Ուրախացնում է նաև այն, որ սամբոն ներառվել է 2014 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում կայանալիք XVII Ասիական խաղերի մարզաձևերի ցանկում, ինչը վկայում է այն մասին, որ սամբոն լայն տարածում է գտել աշխարհում և վայելում է մեծ մասայականություն աշխարհի բոլոր մայրցամաքներում:
Այն փաստը, որ սամբոն ներառվել է I Եվրոպական խաղերի ծրագրում մեծ խանդավառություն է առաջացրել աշխարհի սամբոյի մարզասերների շրջանում և կարող է հետագայում խթան հանդիսանալ, որպեսզի սամբո մարզաձևը Միջազգային օլիմպիական կազմակերպության կողմից Ճանաչվի օլիմպիական մարզաձև: Հուսանք, որ այդ իրադարձությունը սարերի ետևում չէ, և Միջազգային օլիմպիական կազմակերպությունը շուտով կհայտնի իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ' ներառելով ՍԱՄԲՈ մարզաձևը օլիմպիական մարզաձևերի ցանկում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է սամբոյի բոլոր մարզիչներին, մարզիկներին և մարզասերներին այդ կապակցությամբ: Մեծ հույսեր ենք փայփայում, որ հայ սամբիստները հաջող ելույթ կունենան I Եվրոպական խաղերում, անպայման կնվաճեն մեդալներ, բարձր կպահեն մեր երկրի բարի համբավն ու պատիվը և Բաքվում կբարձրացվի հայկական եռագույնը և կհնչի ՀՀ պետական օրհներգը և շատ ուրախալի պահեր կմատուցեն ողջ հայ հանրությանը: