Նորություններ
Չեմպիոնների դպրոցը 30 տարեկան է
Լրացավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գործունեության 30 տարին: Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Տարբեր տարիների կոչվել է «Երևանի Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոց», «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց», իսկ 2003-ից կրում է ներկայիս անունը:
Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են 286 մեդալ, որից 64-ը՝ ոսկե, 77-ը՝ արծաթե, 145-ը՝ բրոնզե:
Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլ, չնայած շենքային ոչ բավարար պայմաններին, գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Մարզադպրոցի հասցեն՝ Երևան, Նար Դոսի 53, հեռ՝ 010558680
Շնորհավորում ենք Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ողջ կոլեկտիվին հաբելյանի կապակցությամբ, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ: