Եվրոպայի առաջնություն
2010թ. Եվրոպայի առաջնություն
2012թ. պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնություն
2010թ. մայիսի 13-ից 16-ը Մինսկում կայացած Սամբոյի եվրոպայի առաջնությանը, մեր տասը մարզիկներից վեցն արժանացան մեդալների, իսկ թիմային հաշվարկով Հայաստանը 23 մասնակից երկրների շարքում գրավեց 5-րդ տեղը:
Կանանց 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր միակ մարզուհին' Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սան Ռուզաննա Սարգսյանը /մարզիչ' Գոհար Գևորգյան/ նվաճեց բրոնզե մեդալ:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, 52 կգ քաշային, Տիգրան Կիրակոսյանը /մարզիչ' Աղասի Գալստյան/ նույնպես արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ զինվորական մարզիկը 2010-ին արդեն նվաճել էր Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը և չնայած հիանալի պատրաստվածությանը'մեծահասակների մրցումներում զգացնել տվեց փորձի պակասն ու Տիգրանը կիսաեզրափակիչում տանուլ տվեց գոտեմարտը Վրաստանի ներկայացուցիչ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Ուշանգի Կուզանաշվիլիին:
Մարզական սամբոյի մրցումներում հաջող ելույթ ունեցավ նաև Գուրգեն Սևոյանի սան, գյումրեցի Վահան Վարդանյանը և 57 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ:
Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցագորգ դուրս եկան մարտական սամբոյի ներկայացուցիչները: Առավոտյան տեղի ունեցած գոտեմարտերը բարեհաջող էին մեզ համար. Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սան, 90 կգ քաշային Արտակ Ծատինյանը /մարզիչ' Մխիթար Հայրապետյան/ նվաճեց բրոնզե մեդալ, իսկ նույն դպրոցի սան Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը /74կգ/ հաղթելով բոլոր մրցամարտերը դուրս եկան եզրափակիչ, ինչն արդեն ենթադրում էր, որ նվազագույնը երկու արծաթե մեդալ արդեն ունենք:
Եզրափակիչ գոտեմարտերը սկսվեցին Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 18-ին: Մեր երկու մարզիկների մրցակիցներն էլ Ռուսաստանի ներկայացուցիչներ էին: Աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Ռուսլան Գասանխանովը և Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը մենամարտը սկսեցին փոխադարձ գրոհներով, մեր մարզիկի հերթական խեղդող հնարքը թվում էր հաղթանակ է բերելու, սակայն Վաչիկը մի պահ թուլացավ ու նախաձեռնությանը տիրած Գասանխանովը ցավեցնող հնարքով հասավ հաղթանակի: Արդյունքում մարզիչ Սամվել Ավդալյանի սանը արժանացավ արծաթե մեդալի:
Ոսկե մեդալ նվաճելու մեր վերջին հույսը արցախցի, Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր Աշոտ Դանիելյանն էր , ով այս տարի առաջին անգամ էր մասնակցում մարտական սամբոյի մրցումներին: Աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Տեմերխանովի հետ գոտեմարտը, իսկապես դիտարժան էր: Հարվածներն ու ցավեցնող հնարքները երկուստեք հաջորդում էին, սակայն տեխնիկական հնարքների շնորհիվ Էռնեստ Միրզոյանի սանը առաջին իսկ րոպեներին ստացավ ,,ակտիվություն,, , տակտիկական ճիշտ պահվածքով պահպանեց առավելությունը մինչև գոտեմարտի ավարտը և մրցավարները հաղթող ճանաչեցին Հայաստանի հավաքականը ներկայացնող, 26 տարեկան, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանին, ում պատվին էլ հնչեց ՀՀ օրներգը և ծածանվեց հայոց եռագույնը: Աշոտը նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց մարտական սամբոյի 2010թ Եվրոպայի չեմպիոն:
Հավելենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականի հաջողությանը նպաստեց մայիսի 1-ից 12-ը Բելոռուսի ,,Ստայկի,, օլիմպիական մարզահամալիրում' Վրաստանի և Բելոռուսի հավաքականների հետ համատեղ անցակացված ուսումնամարզական հավաքը: Մեր թիմի ավագ մարզիչն է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը, մարզիչները' ՀՀ վաստակավոր մարզիչներ Էռնեստ Միրզոյանը և Վովիկ Խոջայանը: Հայաստանը որպես մրցավար ներկայացնում էր Միջազգային Էքստրա դասի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Ասլանյանը: Մեր պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Միջազգային Էքստրա դասի մրցավար Լևոն Հայրապետյանը:
Հավելենք, որ հայ սամբիստները ևս 7 մեդալ /1 ոսկե, 1 արծաթ, 5 բրոնզ/ նվաճել էին ապրիլ ամսին Հունաստանում անցկացված սամբոյի եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունում: Արդյունքում' 13 մեդալ /2 ոսկի, 2 արծաթ, 9 բրոնզ/: