Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիգրան Կիրակոսյանը կրկին Եվրոպայի չեմպիոն
Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափեցին 26 պետության ավելի քան 300 մարզիկներ:
Ուրախալի է, որ Հայաստանը ներկայացնող սամբիստները կրկին հաստատեցին հայկական սամբոյի բարձր կարգը՝ նվաճելով 6 մեդալ:
Կրկնակի ուրախալի է, որ մեր լավագույն մարզիկներից վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում:
Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ, կրկին վանաձորցի, Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:
Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ-Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:
Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով. մեկ ոսկի, հինգ բրոնզ:
Հավելենք, որ Տիգրանը, Վաչիկը և Դավիթը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: