Սամբոյի պատմությունից
Իբրև առանձին մարզաձև ՍԱՄԲՈ ըմբշամարտը ստեղծվել է 20-րդ դարի 20-ական թվականներին` ԽՍՀՄ-ում, որպես բանակի, ներքին զորքերի և ազգային անվտանգության մարմինների ծառայողների ինքնապաշտպանության միջոց և գրանցում ստացել` 1938թ. նոյեմբերի 16-ին: ՍԱՄԲՈ բառը ռուսերեն հապավում է, որ նշանակում է “Ինքնապաշտպանություն առանց զենքի”: Մարզաձևը տարբեր ժողովուրդների ազգային ըմբշամարտերի ձևերի յուրահատուկ համադրում է, որոնցից մեկն էլ հայ ազգային “Կոխ” կոչվող մարզաձևն է` իր առանձնահատկություններով ու կանոններով:
Ինչպես վկայում է պատմությունը, դեռևս վաղ անցյալում, Հայաստանում մեծ տարածում ու զարգացում ունեին մենապայքարային ձևերը, որոնցում առանձնահատուկ տեղ ուներ ըմբշամարտը, ինչը պայմանավորված էր հայկական լեռնաշխարհում հաճախակի մղվող պատերազմներով, որոնց ելքը հաճախ վճռվում էր հենց ձեռնամարտերում, հետևաբար` հնում անչափ կարևորվում էր մենապայքարային արվեստին կատարելապես տիրապետումը:
Արվեստաբանության պատմական աղբյուրներում բազմաթիվ վկայություններ կան հայկական ազգային ըմբշամարտի մասին` շատ հնարքների նկարագրություններով: Վերջիններիս վերլուծության արդյունքում եզրակացվում է, որ գոտեմարտերը հիմնականում անց են կացվել կանգնած դիրքով, թույլատրելի էին հարվածներն ու ցավեցնող հնարքները: Այսպիսով` “Կոխը” կարելի է համեմատել հին աշխարհում տարածում ունեցող “Պանկրատիոն” մենապայքարային մարզաձևի հետ, որն առաջին անգամ ընդգրկվել է Օլիմպիական 33-րդ խաղերում` մ.թ.ա 648 թ.: “Պանկրատիոնում” սահմանափակումներ գրեթե չկային` հաղթանակի հասնելու համար թույլատրելի էր նույնիսկ վերջույթներ կոտրելը: Հայկական, հունական, հռոմեական աղբյուրներում որպես անպարտելի օտարերկրացիներ հիշատակվում են անտիկ շրջանի հայոց արքաներ Տրդատ 3-րդն ու Վարազդատը, ովքեր հաղթող են ճանաչվել, համապատասխանաբար` 281թ. կայացած 265-րդ և 385թ-ի 291-րդ Օլիմպիականխաղերում: Պատմական վավերագրերում հիշատակություն կա նաև Սմբատ Բագրատունու մասին, ով Բյուզանդիայի ասպարեզներում ոչ միայն հավասարը չուներ, այլև հաղթում էր առյուծի, արջի ու ցլի դեմ “գոտեմարտերը”:
“Կոխի” հիմքի վրա 1950-ականներին ստեղծվել է Սամբոյի հայկական դպրոցը: “Կոխի” հնագույն սովորույթները, կանոնները, հնարքները վերականգնելու գործում մեծ ավանդ ունի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Լենինի շքանշանակիր Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի նախկին վարիչ, այժմ` անհատական թոշակառու Գեորգի Թումանյանը:
Սամբոյի ԽՍՀՄ չեմպիոն առաջին անգամ դարձել են նույն Գեորգի Թումանյանն ու Խորեն Չիբիչյանը 1950թ., ով դեռևս 1939-ին աժանացել էր ԽՍՀՄ բրոնզե մեդալի:
Հայկական սամբոյի վերելքի տարիներ են համարվում 1970-80 թթ., երբ ԽՍՀՄ և միջազգային մրցասպարեզներում մեկը մյուսի ետևից սկսեցին փայլել հայաստանցի առաջին Աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանը, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող ու մրցանակակիրներ Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանը, Հովիկ Մանուկյանը, Արթուր Գրիգորյանը, Երվանդ Գրիգորյանը, Վահան Խոջայանը, Վարդան Ոսկանյանը, ապա` Քրիստինե Նաջարյանը, Գոհար Գևորգյանը, Արևիկ Կարապետյանը, Զոյա Խաչատրյանը, Իրինա Բաղդասարյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Ալլա Ավագյանը և այլոք:
Այսօր Հայաստանի հավաքականի կազմում հաջող մրցելույթներ են ունենում մարզական և մարտական սամբոյի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արտավազդ Մինասյանը, Արմեն Իսպիրյանը, Արտակ Ծատինյանը, Ռուզաննա Սարգսյանը, Ժաննա Վարդանյանը, Լիլիթ Պողոսյանն ու շատ այլ մարզիկ-մարզուհիներ:
Սամբոն նպաստում է մարզիկների առողջության ամրապնդմանը, զարգացնում արիություն, ամուր բնավորություն և բազմակողմանի ֆիզիկական պատրաստականություն, գոտեմարտերը` պատանիներին դարձնում Հայրենիքի նվիրյալ ու քաջ պաշտպաններ: